ՀԱՐՑ
Ընկերությունը պայմանագրով երկու տարի առաջ պետք է մատակարարեր ապրանքներ,որի դիմաց ստացել է կանխավճար, բայց մինչ օրս ապրանքները չի մատակարարել:Խնդրում եմ նշել հնարավոր հետևանքները:
ՊԱՏԱՍԽԱՆ
Ստացված կանխավճարը ձեր Ընկերության համար հանդիսանում է կրեդիտորական պարտք: Պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարման վերջնաժամկետի լրանալով՝ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, իսկ կետանցված դառնալու 366-րդ օրվանից՝ ճանաչվում է անհուսալի, տես ՀՀ Կառավարության N 2052-Ն որոշումը:
Անհուսալի կրեդիտորական պարտքը ճանաչվում է եկամուտ և ներառվում Ընկերության համախառն եկամտում, տես ՛՛Շահութահարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 7 հոդված :
ՀԱՐՑ
Սուպերմարկետը վաճառում է ծխախոտ, ճիշտ է որ այն ազատված է հարկերից ?
ՊԱՏԱՍԽԱՆ
Բացառություն է սահմանված միայն ավելացված արժեքի հարկի մասով: Ծխախոտի իրացումը ազատված է ԱԱՀ-ից, եթե դա չի կատարվում արտադրողի և (կամ) ներմուծողի կողմից, տես ՛՛Ավելացված արժեքի հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 15 հոդված:
ՀԱՐՑ
Կազմակերպությունը իրականացնում է ավտոտեխսպասարկում, երբեմն ձեռք է բերում անհրաժեշտ պահեստամասեր ու դնում մեքենաների վրա:Ինչ հարկով է հարկվում պահեստամասերի վաճառքը:
ՊԱՏԱՍԽԱՆ
Ավտոտեխսպասարկման գործունեությունը հարկվում է արտոնագրային վճարով:
Ավտոտեխսպասարկման ընթացքում պահեստամասերի, դետալների վաճառքը, փոխարինումը հարկվում է ընդհանուր կարգով, տես ՀՀ Ֆինանսների նախարարի 07.07.2014թ. պաշտոնական պարզաբանումը:
Ինչ վերաբերում է կոնկրետ հարկատեսակին, ապա դա կախված է ձեր կազմակերպաիրավական տեսակից և հարկման ռեժիմից:
ՀԱՐՑ
Ըստ օրենքի պլաստիկ քարտով գործարք իրականացնելիս պետք է տրամադրվի հդմ կտրոն:Արդյոք կրկնակի հարկման վտանգ չկա:
ՊԱՏԱՍԽԱՆ
Հսկիչ – դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պարտադիր է կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում, տես ՛՛Հսկիչ – դրամարկղային մեքենաների կիրառման մասին՛՛ ՀՀ օրենքի 4 հոդված:
Վերը նշված դրույթից հետևում է, որ ՀԴՄ կտրոնը նախևառաջ վճարման փաստը հավաստող փաստաթուղթ է և ոչ բոլոր դեպքերում է այն հանդիսանում եկամտի հաշվեգրման հիմք:
ՀԱՐՑ
Ընկերությունը գյուղացուց պարբերաբար ձեռք է բերում միս, ով փաստաթուղթ չի կարողանում տրամադրել:Ինչպես փաստաթղթավորել, որպեսզի զերծ մնալ խնդիրներից:
ՊԱՏԱՍԽԱՆ
Եթե գյուղացին հենց ինքն է հանդիսանում մսի արտադրողը և միևնույն ժամանակ հաշվառված չէ որպես ձեռնարկատեր, ապա կազմվում է հանձնման – ընդունման ակտ (կատարողական ակտ)՝երկկողմ վավերապայմաններով, որը կբավարարի ՀՀ Կառավարության N 525 որոշման պահանջներին:
Հարկ ենք համարում նշել նաև, որ տվյալ դեպքում միսը համարվում է գյուղատնտեսական արտադրանք, իսկ գյուղատնտեսական արտադրանք արտադրողի ստացած եկամուտը այդպիսի գոծունեության մասով հանդիսանում է նվազեցվող եկամուտ եկամտային հարկի մասով, տես ՛՛ Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենք հոդված 8:
Գյուղատնտեսական արտադրանք արտադրող լինելու փաստը հիմնավորվում է համապատասխան տեղեկանքով: