ՀԱՐՑ

Ընկերությունը պայմանագրով երկու տարի առաջ պետք է մատակարարեր ապրանքներ,որի դիմաց ստացել է կանխավճար, բայց մինչ օրս ապրանքները չի մատակարարել:Խնդրում եմ նշել հնարավոր հետևանքները:

ՊԱՏԱՍԽԱՆ

Ստացված կանխավճարը ձեր Ընկերության համար հանդիսանում է կրեդիտորական պարտք: Պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարման վերջնաժամկետի լրանալով՝ կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, իսկ կետանցված դառնալու 366-րդ օրվանից՝ ճանաչվում է անհուսալի, տես ՀՀ Կառավարության N 2052-Ն որոշումը:

Անհուսալի  կրեդիտորական պարտքը ճանաչվում է եկամուտ և   ներառվում Ընկերության համախառն եկամտում, տես ՛՛Շահութահարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 7 հոդված :

 


 

    ՀԱՐՑ

Սուպերմարկետը վաճառում է ծխախոտ, ճիշտ է որ այն ազատված է հարկերից ?

   ՊԱՏԱՍԽԱՆ

Բացառություն է սահմանված միայն ավելացված արժեքի հարկի մասով: Ծխախոտի իրացումը ազատված է ԱԱՀ-ից, եթե դա չի կատարվում արտադրողի և (կամ) ներմուծողի կողմից, տես ՛՛Ավելացված արժեքի հարկի մասին՛՛ ՀՀ օրենքի 15 հոդված:


ՀԱՐՑ

Կազմակերպությունը իրականացնում է ավտոտեխսպասարկում, երբեմն ձեռք է բերում անհրաժեշտ պահեստամասեր ու դնում մեքենաների վրա:Ինչ հարկով է հարկվում պահեստամասերի վաճառքը:

ՊԱՏԱՍԽԱՆ

Ավտոտեխսպասարկման գործունեությունը հարկվում է արտոնագրային վճարով:

Ավտոտեխսպասարկման ընթացքում պահեստամասերի, դետալների վաճառքը, փոխարինումը հարկվում է ընդհանուր կարգով, տես ՀՀ Ֆինանսների նախարարի  07.07.2014թ. պաշտոնական պարզաբանումը:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարկատեսակին, ապա դա կախված է ձեր կազմակերպաիրավական տեսակից և հարկման ռեժիմից:


ՀԱՐՑ

Ըստ օրենքի պլաստիկ քարտով գործարք իրականացնելիս պետք է տրամադրվի հդմ կտրոն:Արդյոք կրկնակի հարկման վտանգ չկա:

 

ՊԱՏԱՍԽԱՆ

Հսկիչ – դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պարտադիր է կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում, տես ՛՛Հսկիչ – դրամարկղային մեքենաների կիրառման մասին՛՛ ՀՀ օրենքի 4 հոդված:

Վերը նշված դրույթից հետևում է, որ ՀԴՄ կտրոնը նախևառաջ վճարման փաստը    հավաստող   փաստաթուղթ է և ոչ բոլոր դեպքերում է այն հանդիսանում եկամտի հաշվեգրման հիմք:


ՀԱՐՑ

Ընկերությունը գյուղացուց պարբերաբար ձեռք է բերում միս, ով փաստաթուղթ չի կարողանում տրամադրել:Ինչպես փաստաթղթավորել, որպեսզի զերծ մնալ խնդիրներից:

ՊԱՏԱՍԽԱՆ

Եթե գյուղացին հենց ինքն է հանդիսանում մսի արտադրողը և միևնույն ժամանակ հաշվառված չէ որպես ձեռնարկատեր, ապա կազմվում է հանձնման – ընդունման ակտ (կատարողական ակտ)՝երկկողմ վավերապայմաններով, որը կբավարարի ՀՀ Կառավարության N 525 որոշման պահանջներին:

Հարկ ենք համարում նշել նաև, որ տվյալ դեպքում միսը համարվում է գյուղատնտեսական արտադրանք, իսկ  գյուղատնտեսական արտադրանք արտադրողի ստացած եկամուտը այդպիսի գոծունեության  մասով հանդիսանում է նվազեցվող եկամուտ եկամտային հարկի մասով, տես ՛՛ Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենք հոդված 8:

Գյուղատնտեսական արտադրանք արտադրող լինելու փաստը հիմնավորվում է համապատասխան տեղեկանքով: